ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մահ, իսկ հետո՞...

Մահ, իսկ հետո՞...
20.03.2009 | 00:00

ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԸ
(սկիզբը` թիվ 19-ում)
ԱՆԴՐՇԻՐԻՄՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Երբեմն մարդիկ հարց են տալիս, թե արդյո՞ք ննջեցյալներն իրար տեսնում և ճանաչում են անդրշիրիմյան աշխարհում։ Ավետարանական վկայություններն ասում են, որ, այո՛, ճիշտ այնպես, ինչպես մեծատան հարուստը տեսավ և ճանաչեց հայր Աբրահամին ու աղքատ Ղազարոսին և, խոսելով նրանց հետ, մի կաթիլ ջուր խնդրեց։
Քանի որ վերջին ժամանակներում մարդկանց մեջ սառել է հավատն առ Աստված ու Նրա խոստացած հավիտենական կյանքի հանդեպ, մարդասեր Աստված որոշ հոգիների թույլ է տվել հետ՝ դեպի մեր աշխարհ վերադառնալ և մարդկանց վկայել անդրշիրիմյան կյանքի մասին։ Այդ մասին կան բազմաթիվ փաստավավերագրական նյութեր ու գրքեր։ Ամենահին փաստերից մեկը Պլատոնի «Հանրապետություն» աշխատության մեջ նկարագրվող Էր անունով Հայկազնի մասին պատմությունն է, որը սպանվում է պատերազմում։ Երբ 10 օր հետո հավաքում են կիսով չափ նեխած դիակները, Էրը կենդանանում է և պատմում անդրշիրիմյան աշխարհում իր հետ կատարված դեպքերը, որտեղ կան մեղավորների ու արդարների համար նախատեսված տարբեր պատիժներ և ուրախություններ։
Պարսկական (պահլավական) հին կրոնի՝ զրադաշտականների Զորոաստրի մեջ նույնպես կան անդրշիրիմյան կյանքի նկարագրություններ «Արտա Վիրապ» կոչվող գրքում, որոնք մի քանի զուգահեռներ ունեն այլ կրոնների նկարագրությունների հետ, երբ հոգին, անցնելով «մազե կամրջով», հայտնվում է կամ արդարների մոտ, կամ տանջվողների, որտեղ Լուցիֆերի փոխարեն դժոխքում նստած է Ահրիմանը` այդ կրոնում չարության խորհրդանիշը։
Հոգիների հետմահու վիճակի մասին ամենահայտնի գործերից է նաև Դանթեի «Աստվածային կատակերգություն» մեծածավալ գործը, որտեղ նկարագրություն կա կաթոլիկական դավանության անդրշիրիմյան աշխարհի երեք հիմնական ուղղությունների` դրախտի, քավարանի և դժոխքի մասին։
Համեմատաբար նոր կրոնը՝ Իսլամը, նույնպես ունի անդրշիրիմյան կյանքի իր նկարագրությունները Ղուրանում, որտեղ դժոխքի (ջհանդամ) և դրախտի (ջեննեթ) մասին կան ընդարձակ պատմություններ, և հատկապես գայթակղիչ կերպով է նկարագրվում դրախտը, որտեղ Ալլահի հաճությանն արժանացած հոգիներին պետք է զվարճացնեն և ուրախացնեն սադափի գույնի մարմնով երիտասարդ տղաներ ու հուրի փերիներ, և պետք է խմեն ընտիր գինի (ինչը երկրի վրա արգելվում է այդ կրոնում), որից գլուխները չեն ցավելու և այլն։
Իսկ ի՞նչ կարգավիճակ են ունենում մարդիկ գալիք աշխարհում ըստ քրիստոնեական տեսակետի։ Այս մասին Ավետարանն ունի իր հստակ պատասխանը. մարդիկ այնտեղ լինում են հրեշտակների նման։ Այսինքն` ամուսիններ, կամ այլ արյունակցական, կամ երկրային կյանքին բնորոշ աստիճանականություն գոյություն չի ունենալու. բոլորն Աստծո առաջ համահավասար հոգիներ են, որոնք լինելու են այն տեղում, որտեղ իրենց երկրային ապրած կյանքն է թույլ տալու լինել։
Նաև հարց են տալիս, թե հոգիները ննջելուց հետո երևո՞ւմ են մարդկանց, թե՞ ոչ։ Այդ հարցին Ներսես Մեծը պատասխանում է, որ, այո, Տիրոջ սրբերը պահապան հրեշտակի միջոցով երևում են մարդկանց թե երազներով, թե արթուն և օգնում են մեզ, խոսում մեզ հետ և աղոթում մեզ համար։ Այս մասին մենք բազմաթիվ վկայություններ ունենք, թե ինչպես են սուրբ Հովհաննես Մկրտիչը, սուրբ Սարգիսը կամ սուրբ Գևորգը երկնային նժույգներով հասնում օգնության այդ սրբերի բարեխոսությունը խնդրող քրիստոնյաներին։
Իսկ չար ու մեղավոր հոգիներին իրավունք չի տրված հարաբերվել մարդկանց հետ, որովհետև նրանք արգելափակված են մինչև դատաստանի օրը։ Եվ սա ապացույց է այն դիվական մոլորության, որ այժմ տարածված է մեր ազգի մեջ, մանավանդ երիտասարդների շրջապատում, երբ նրանք ոգեկանչության «սեանսներ» են կազմակերպում, իբրև թե ննջեցյալների հոգիների հետ են հարաբերվում և ինչ որ իրենց հետաքրքրող հարցեր են տալիս ու պատասխաններ ստանում։ Մինչդեռ այդպիսիները չգիտեն, որ այդ պահին իրենք հարաբերվում են դևերի ու չար ոգիների հետ, որոնք ափսեի շարժումով կապի մեջ են մտնում մասնակիցների հետ ու նրանց գցում իրենց ծուղակը, իսկ առավել անզգույշ ու մոլորված զոհերին երբեմն նույնիսկ ինքնասպանության հասցնում։ Մինչդեռ ինքնասպանների համար առաքելահիմն եկեղեցիներին արգելվում է թաղման արարողակարգ կատարել, քանի որ նրանք մեղանչել են Աստծո «Մի՛ սպանիր» պատվիրանի դեմ, և իրենք իրենց զրկել են ապաշխարության հետագա հնարավորությունից։
Հանգուցյալի հոգու համար անհրաժեշտ է, որպեսզի բուն հուղարկավորությունը Տիրոջ օծյալ քահանան կատարի, ըստ եկեղեցական ընդունված ծիսակարգի, որովհետև այնտեղ կան բազմաթիվ բարեխոսական աղոթքներ և ավետարանական ընթերցանություններ, որոնք օգտակար են թե՛ ննջեցյալի հոգու, թե՛ նրա հարազատների համար։ Ահա դրանցից մի քանիսը.
. Աղաչենք, որ Տեր Աստվածն այս հանգուցյալի հոգին ընդունի արդարների օթևանում։
. Աղաչենք, որ Տերը ների նրա կամավոր և ակամա մեղքերը։
. Աղաչենք, որ Տերն այս ննջեցյալին արժանի անի խաղաղությամբ և մեծ հույսով սպասելու մինչև այն օրը, երբ ազդարարության փողը Տիրոջ գալուստը պիտի ավետի։
. Աղաչենք Տիրոջը, որ նա լսի երանավետ կոչը. «Ո՜վ Հորս օրհնածներ, եկեք ձեր հանգստավայրը»։
. Աղաչենք, որ Տերը նրան երկնային կյանքի և անմահության պսակը պարգևի։
Իսկ թաղման ավարտին ասվում է.
. Աղաչենք, որ Տերն Իր Խաչի նշանով կնքի այս գերեզմանը, մինչև Իր սուրբ Գալուստը։
. Աղաչենք, որ Տերը Սուրբ Հոգու շնորհով լցնի Իրեն լսող և Իր անվանը հավատացող սրտերը։
. Աղաչենք, որ Տերն Իր ողորմությամբ մխիթարի սգավորների սրտերը։
. Տե՛ր ողորմյա՜, Տե՛ր ողորմյա՜, Տե՛ր ողորմյա՜։
Եվ նման շատ սիրտ հուսադրող ու մխիթարիչ աղոթքներ։
(շարունակությունը` հաջորդիվ)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4287

Մեկնաբանություններ